Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Առանց էքսպերիմենտի չի կարող լինել առաջընթաց»

«Առանց էքսպերիմենտի չի կարող լինել առաջընթաց»
01.12.2017 | 11:07

«Իրատեսը» շարունակում է զրույցը կինոռեժիսոր, գեղանկարիչ ԱՐՄԵՆ ՌՈՆՈՎԻ հետ:

(Նախորդ մասը)

«ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ՉՈՒՆԻ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԵՎՈՒՅԹ Է»


-Արմեն, 2014 թվականին նկարել եք «Քաջ Նազար» ֆիլմը՝ իբրև սցենարական հենք ունենալով Դերենիկ Դեմիրճյանի համանուն թատերգությունը և «Հայը» խոհագրությունը: Ինչպե՞ս հասաք այս յուրօրինակ սինթեզին:
-Այս սինթեզը նաև երրորդ բաղադրիչ ունի: Ֆրանսիայում 18-րդ դարի 2-րդ կեսին անհայտ մի լրագրող ստեղծել է Ջիգոյի կերպարը՝ ինքնակոչ մի մոնոպոլիստի, որովայնաբավ մեկի, որը տիրել է աշխարհին՝ իր քաղցկեղային մտածողությամբ, էություն, որը հերքել է Աստծուն, հռչակել, թե մարդն է ստեղծարարը (ստեղծարար՝ բառիս բացասական իմաստով): Փորձեցինք ֆրանսերենից թարգմանել այս գործը՝ Ֆրանսիայի ծերանոցներից մեկում ապրող մի պարսկահայի՝ Հարմիկ Եղիազարյանի օգնությամբ, որը, ի դեպ, ուներ նամակներ Դերենիկ Դեմիրճյանից: Երբ նա ներկայացնում էր Ջիգոյի պատմությունը, տեսա, որ դա նույն մեր Քաջ Նազարն է. գուցե Դեմիրճյանն էլ է օգտվել այդ աղբյուրից: Քաջ Նազարը կրում է ոչ թե նեղազգային, այլ համամարդկային որակներ. դա Զևսից, Մեդեայից եկող ինքնախժռումի դիցաբանական որակն է: Քաջ Նազարը որսորդի կերպար է՝ բացասական իմաստով: Որսորդ, որն ընտրում է իր զոհին, ստրկացնում և տարածում այդ տեսակն ամբողջ ազգի մեջ: Այսինքն՝ նրա միտումն է ստրկացնել և տիրել (բաժանել և տիրելու գաղափարը եկել է այստեղից): Սա նշանակում է, որ բարության քաղաքակրթությունն անկում է ապրում, որ մենք կորցնում ենք բարությունը՝ որպես քաղաքակրթության սիմվոլ: Քաջ Նազարը չունի ազգություն, դա հայությունից դուրս երևույթ է: Շատ կարևոր էր ֆիլմում նախ և առաջ գտնել Նազարի գույնը: Նազարը սևի և շուշանաթույրի համադրություն էր: Այդ համադրությունը, ինչպես հետո պարզվեց, պատահական չէր: Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են Լուվրում, որտեղ ես տեսա, որ Նապոլեոնի աշխատասենյակն ամբողջովին շուշանաթույր երանգի մեջ է: Դա ծննդի ու մահվան գույնն է: Այն տարածությունը, որ մենք անցնում ենք ծննդից մինչև մահ, ամբողջովին պատված է այդ գույնով: Իսկ Նազարն իր այդ ճանապարհն անցնում է սևի մեջ: Սևը գույն չէ, գույնի բացակայություն է, որի մեջ առկա են բոլոր գույները: Եվ երբ կայացնում էինք գործը, ստեղծում դեմիրճյանական երկխոսությունները, հասկացանք, որ Նազարին պետք է դարձի բերել ֆիլմի վերջում: Նազարը, որին կերպավորել է Ռաֆայել Քոթանջյանը, պիտի դարձի գար, քավեր իր մեղքը քահանայապետի միջոցով: Մենք հասկացանք, որ դա հնարավոր է անել միայն դեմիրճյանական խոսքով, դեմիրճյանական խոր մտածողությամբ: Որպեսզի հաստատապես իրագործեինք մեր նպատակը, որոշեցինք Դեմիրճյանի խոսքին համադրել Գրիգոր Նարեկացու խոսքը: Մենք ի՞նչ գիտենք, թե Գրիգոր Նարեկացու երկխոսությունն Աստծո հետ ինչ մղումով է կայացել: Նարեկացին հասկացել է, որ միակ ճիշտ ճանապարհը Աստծո հետ երկխոսելն է, Աստծո կերպարը գտնելը, նրա հետ միաբանելը: Ես որոշեցի «Նարեկի» աղոթքներից մեկը վիզուալացնել: Ռաֆայել Քոթանջյանը փորձեց կարդալ ընտրված աղոթքը, բայց չկարողացավ. Նազարը դեռևս անգիտակից էր, նա չէր կարող «Նարեկ» ընկալել, իսկ Ռաֆայել Քոթանջյանը Նազարն էր: Նա խուճապի մեջ էր ու պիտի խուճապի հասցներ նաև ժողովրդին: Դեմիրճյանի «Հայը» նրան շատ օգնեց, որ դուրս գա խուճապից: «Նարեկի» աղոթքի հատվածը նկարելու համար որոշեցինք դիմել մասնագետի օգնությանը: Դիմեցինք նարեկաբույժ Արմեն Ներսիսյանին, որը պրոյեկցիայի միջոցով Նազարին և նրա դերակատարին հասու դարձրեց «Նարեկը», մեդիտացիոն խոսքի՝ աղոթքի միջոցով դարձի բերեց Նազարին ու Ռաֆայել Քոթանջյանին: Սրանում մեծ աբսուրդ կա. Դեմիրճյանի ստեղծած Նազարի կերպարը համադրվեց Նարեկացու հետ: Այսինքն՝ այս ֆիլմում ստեղծվեց Նազարի մի այնպիսի կերպար, որը ներկայացնում է չարության բանաձևը, բարության բանաձևը, դարձի բանաձևը. այսինքն՝ ապաշխարության մի մեծ շրջափուլ անցավ այս կերպարը: Եվ սա ֆիլմում հնարավոր եղավ իրականացնել միայն այն տանջալից ճանապարհի միջոցով, որով անցել էր Դեմիրճյանը: Մենք գիտենք նրա կյանքի դոկումենտալ պատմությունը՝ կապված հայաստանյան, եվրոպական մշակութային գործունեության հետ, կյանքի վերջին տասնամյակներում ապաշխարության միջոցով դարձի գալու, դեպի հայրենիք՝ Հայաստան վերադառնալու փաստի հետ: Երբ դիտարկում ես Դեմիրճյանի ստեղծագործությունը, հասկանում ես, որ այդ մարդը միշտ է լինելու, որ նա բոլոր ժամանակների համար է: ՈՒ նրա նկարագրած նազարիզմը տրված է մարդկությանը՝ որպես իր նախահայրերի առաջին և վերջին մեղքի դրոշմ: Մենք այդ մեղքը երբեք չենք քավելու, այն միշտ լինելու է մեզ հետ, այն անքավելի է: Բայց կա նաև մեղքի տողատակը՝ ապոկալիպսիսի, փրկության պահը: Դա հնարավոր է խոսքի միջոցով. Դեմիրճյանի խոսքը, Նարեկացու խոսքը, հայի խոսքը, նաև՝ ջիգոյական խոսքը նպատակասլացորեն իրականացրին իրենց առաքելությունը ֆիլմի ընթացքում և խնդիրը հասցրին հումանիստական լուծման:

«ԻՐ ՄԵՋ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՄԱՐԴԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԲՈԼՈՐ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


-Նարեկացու խոսքը «Քաջ Նազար» ֆիլմում ունի հպանցիկ առկայություն, իսկ Ձեր մյուս ֆիլմը՝ «Խոսքը», ամբողջովին կառուցված է «Նարեկի» վրա, պատմում է նարեկաբույժ հոգևորական Արմեն Ներսիսյանի մասին: Ի՞նչ կասեք այդ ֆիլմի մասին:
-«Քաջ Նազար» ֆիլմի առիթով կայացած ծանոթությունն Արմեն Ներսիսյանի հետ տրամաբանորեն մեզ տարավ դեպի «Նարեկը»: Արմենն ասում էր, որ իր մեջ կուտակված անպատասխան հարցերի պատճառով է մարդը ձեռք բերում բոլոր հիվանդությունները: Եվ այդ հիվանդություններին բժշկության տված պատասխանները՝ քիմիայի ու նոր տեխնոլոգիաների միջոցով, մարդուն միայն ստրկացնում են: Արմեն Ներսիսյանի կարծիքով՝ Նարեկացու «Մատյանի» հիմնական արժանիքն այն է, որ կապանքներից ազատվելու մեխանիզմն է տալիս, քիմիայից, դեղահաբերից ազատվելու ճանապարհն է տալիս, այսինքն՝ դա այն դեղամիջոցն է, որը մեզ ազատագրում է մեր մեջ կուտակված անպատասխան հարցերից՝ առանց ստրկացնելու: Նույն նազարիզմը Նազարի ներսում կուտակված անպատասխան հարցերի պատճառով ծագած հիվանդություն է՝ ստրկացնելու հիվանդություն: Մենք ինքներս մեզ ստրկացնելով՝ դառնում ենք Նազար, մեզ հիվանդացնում ենք: Չոր գիտությունը իր առաջ քաշած հարցերով հիվանդացնում է մարդուն, բայց երբ մենք ընտրում ենք հոգու գիտությունը, հասկանում ենք, որ ստրուկ չենք, որ մեր միջի տիեզերքն ամբողջովին մեր ձեռքում է, որ մենք պիտի կարողանանք տեսնել այն, պրոյեկտել: Երևակայությունը շատ կարևոր դեր է խաղում մարդու բժշկվելու հարցում: Մարդը կարող է գիտական աստիճան չունենալ, բայց երևակայությունը երբեք չպիտի կորցնի: Մարդը պիտի էքսպերիմենտի միջոցով հասնի ճշմարտությանը: Ես ստեղծագործում եմ էքսպերիմենտալ դաշտում և հավատացած եմ, որ առանց էքսպերիմենտի չի կարող լինել առաջընթաց: Այն քայլերը, որ արվում են և՛ արդի մշակույթում, և՛ գիտության մեջ, էքսպերիմենտի արդյունք են: Այս առումով Նարեկացու ստեղծագործությունը մեծ էքսպերիմենտ է:
-Եվ ժամանակին էլ դաժանորեն քարկոծել են պահպանողականները:
-Այո՛, իհարկե: Եվ պիտի քարկոծեին: Տեսեք, թե ինչքան արդիական են այսօր «Նարեկ»-ում կիրառված մետաֆորները: Մարդուն հնարավոր չէ բուժել դեղորայքի միջոցով, հնարավոր է ընդամենը կանգնեցնել հիվանդության պրոցեսը: Բուժման մեթոդը Նարեկացու խոսքն է, որը կապանքներից ազատվելու միակ տարբերակն է: Եվ մեր ֆիլմում հենց այդ խոսքն է, որը Արմեն Ներսիսյանը կարողացել է իր շատ հետաքրքիր կերպարի միջոցով մատուցել: Ամեն անգամ հերթական ֆիլմն ավարտելուց հետո ես արվեստանոց եմ հրավիրում մի խումբ մարդկանց՝ ներկայացնելու համար ֆիլմը և լսելու նրանց կարծիքը: Սա նշանակում է, որ ես իմ էքսպերիմենտին մասնակից եմ դարձնում այլ մարդկանց:
-Այսինքն՝ էքսպերիմենտը դառնում է գլոբա՞լ, դադարու՞մ է Ձեր անհատական էքսպերիմենտը լինելուց:
-Այո՛, դառնում է գլոբալ: Անհատական էքսպերիմենտ ուղղակի գոյություն չունի: Եթե կա ենթագիտակցություն, ենթագիտակցության մեջ մարդը չի կարող միայնակ լինել: Մարդն անպայման պիտի կիսվի մեկի հետ, իր նմանի հետ: Մենք՝ բոլոր միանմաններս, միմյանց հետ պետք է կիսենք խոսքը: Երբ մենք ֆիլմում իրական մարդկանց էինք նկարում, որոնք անցնում էին Նարեկացու խոսքով բուժվելու ընթացքը, նրանք պատմում էին, թե ինչպես են աճում, վերածնվում այդ ընթացքի մեջ: Շատ կարևոր է ենթագիտակցության մեջ գտնել անհրաժեշտ նմանին: Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն այս դեպքում դառնում է այն նմանը, որն իր վրա է պրոյեկտում հիվանդի անձը և «Նարեկի» միջոցով ձեռքը մեկնելով հիվանդին՝ հանում է նրան հիվանդությունից: Խոսքի և մեկնված ձեռքի ջերմությունը մեծ խորհուրդ ունի: Եթե պարզապես կարդաս խոսքը և չվիզուալացնես, այն ազդեցություն չի ունենա: Ինչո՞ւ է ստեղծվել կինոն՝ ամենաերիտասարդ արվեստը. որպեսզի մենք կարողանանք խոսքը պրոյեկտել, վիզուալացնել:

«ՊԻՏԻ ՄԵՐ ՄԵՋ ՇԱՂԱԽՎԱԾ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԿԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆԵՆՔ, ԶԳԱՆՔ ԴՐԱՆՑ ԳՈՒՅՆԸ, ԲՈՒՅՐԸ ԵՎ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԵՏԿԱՆՉ ՈՒՆԵՆԱԼ»


-Ստացվում է, որ կինոն կոչված է պատկերելու խո՞սքը:
-Այո՛, պատկերը կարևոր է: Պատկերը կարևոր է «Նարեկում»: Կարևոր է, որ այն երջանկակրոն քահանան ներկայացնի, որ մենք կարողանանք տեսնել: Մենք մեր մեջ պիտի տեսնենք այդ երջանկակրոն քահանային, նաև պիտի կարողանանք տեսնել մեր միջի ստոր կերպարը. չէ՞ որ բոլորս ենք կրում մեր ներսում հակասություններ: Մենք պիտի մեր մեջ շաղախված ստորությունն ու երջանկակրոնությունը տեսնենք, զգանք դրանց գույնը, բույրը և կարողանանք հետկանչ ունենալ: Եթե այդ հետկանչը չունենանք, չենք կարողանա մեր գործած մեղքից ազատվել: ՈՒ այդ հետկանչը լինելու է խոսքի միջոցով: Այսինքն՝ խոսքը, այս դեպքում «Նարեկը», ելք է, որի միջոցով մենք կարողանում ենք ինքներս մեզ պահպանել:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ